ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՖԱ x ԼԱՆՍ ՖԱ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՉՎՈՂ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Սարդարապատ ՖԱ-ի և Լանս ՖԱ-ի համագործակցության մասին պաշտոնական ասուլիսը Հայաստանում տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 12-ին, որին մասնակցում էին Սարդարապատ ՖԱ հիմնադիր նախագահ Սևան ԿԱՐԻԱՆԸ, Լանս ՖԱ ակադեմիայի տնօրեն Էրիկ ԱՍԱԴՈՒՐՅԱՆԸ և Սարդարապատ ՖԱ գլխավոր տնօրեն Անուշ ԱՆԱՆՅԱՆԸ։ Սույն համագործակցության առաջին պաշտոնական ներկայացումը տեղի էր ունեցել Ֆրանսիայում ապրիլի 5-ին։
Սարդարապատ ՖԱ-ն նպատակ ունի կրթել հայ ֆուտբոլիստների նոր սերունդը նորարարական ծրագրերի միջոցով՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք հայ երեխաների կենսական և կրթական պայմանները բարելավելու համար։ Ակադեմիան ձգտում է դառնալ լավագույն ֆուտբոլիստների դարբնոց, ովքեր կկառուցեն իրենց կարիերան դեպի Հայաստանի ազգային հավաքական և եվրոպական ուժեղ լիգաներ։
Ինչպես իր խոսքում նշեց Սևան Կարիանը՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում, հատկապես Արմեն Մելիքբեկյանի օրոք, ով հսկայական աշխատանքներ է կատարում ենթակառուցվածքների զարգացման, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում։
Հայաստանն աչքի է ընկնում բազմակողմանի զարգացած և տաղանդավոր երիտասարդներով՝ ովքեր ունեն մեծ ներուժ իրենց լավագույնս դրսևորելու տարբեր ոլորտներում, սակայն այդ ներուժը լիարժեք չի օգտագործվում՝ բավարար ֆինանսական և նյութական ռեսուրսների բացակայության պատճառով: Սևան Կարիանը մասնավորապես նշեց․
«Հայաստանի երիտասարդությունն օժտված է մեծ տաղանդով և հաջողության հասնելու մեծ ցանկությամբ։ Իմ դերն այս նախագծի միջոցով նրանց անհրաժեշտ աջակցության և միջոցների տրամադրումն է իրենց երազանքներն իրականացնելու համար․ դա այն ամենն է, ինչը պակասում է այսօր մեր երկրում: Համոզված եմ, որ այս ակադեմիայի ստեղծումը թույլ կտա նրանց հասնել բարձունքների և զարգանալ ֆուտբոլային կրթության միջոցով»։
Սարդարապատ ՖԱ-ն բացի ֆուտբոլային ակումբ լինելուց նաև ամուր խորհրդանիշ է և գաղափարախոսություն, որը ներառում է մշակութային և ազգային դիմագիծ, ինչի մասին Էրիկ Ասադուրյանը նշում է․
«Հայկական մշակույթում կրթությունն ու սպորտը հայ երիտասարդների զարգացման հիմնասյուներն են։ Այս երիտասարդները ընդհանուր առմամբ շատ դինամիկ են, ուժեղ մտածելակերպով, ինչը բխում է ավագ սերունդների փորձից: Տեխնիկական և մարզական անհերքելի որակներով օժտված լինելուց բացի՝ նրանք ունեն հաղթական ոգի, խիզախություն, երբեք չհանձնվելու ձգտում, որն արտացոլվում է խաղադաշտում» ։
Հաշվի առնելով վերոնշյալները՝ Լանս ՖԱ-ն ցուցաբերեց իր լիարժեք աջակցությունը Հայաստանում Սարդարապատ ՖԱ-ի ստեղծման և զարգացման ծրագրին։
Ինչպես նշում են կողմերը, սույն համագործակցությունը մեծամասամբ կրում է տեխնիկական բնույթ, որը ներառում է Լանս ՖԱ-ի մեթոդաբանության փոխանցում Սարդարապատ ՖԱ-ին, կայուն համագործակցության ստեղծում երկու հաստատությունների, նրանց մարզիչների ու անձնակազմերի միջև։
Համագործակցությունը հնարավորություն կտա «Սարդարապատ» ՖԱ-ին դառնալ Հայաստանում ֆուտբոլի ժողովրդավարացման նոր միջոց՝ աջակցելով երիտասարդներին զարգանալ:
Սարդարապատ ՖԱ-ն իր առջև դնում է մանկապատանեկանից մինչև պրոֆեսիոնալ թիմ ունենալու երկարաժամկետ ծրագիր, թե՛ աղջիկների թե՛ տղաների համար։ Ծրագրի իրականացման համար արդեն մշակված են հստակ քայլեր և մեխանիզմներ։ Պրոֆեսիոնալ թիմի կորիզը պետք է կազմեն ակադեմիայում արդեն իսկ մարզված սաները։ Փոխանցելով լավագույն փորձն ու գիտելիքը՝ Սարդարապատ ՖԱ-ն կանի ամեն ինչ լավագույներին աջակցելու ազգային հավաքականում կամ արտասահմանում իրենց կարիերան հետագայում շարունակելու համար։ Սարդարապատ ՖԱ-ի տարբերակիչ հատկանիշերից մեկը յուրաքանչյուր ֆուտբոլիստին տրվող անհատական մոտեցումն է, նրանցից անհատ ֆուտբոլիստների կերտումը՝ չմոռանալով թիմային ոգու մասին։
Համագործակցության շրջանակներում կողմերը արդեն սկսել են կրթական փոխանակման ծրագրերը։ Տարին երկու անգամ Սարդարապատ ՖԱ-ի մարզիչները և լավագույն սաները հնարավորություն են ունենում խորացված վերապատրաստման դասընթացներ անցել Լանս ՖԱ-ում։ Կողմերը փաստում են, որ հայ երեխաները կարողանում են առավելագույնս ինտեգրվել La Gaillette-ում անցկացվող մարզումային գործընթացներին և ցույց տալ իրենց լավագույն որակները։ Երեխաների ընտրությունը կատարվում է արդար և թափանցիկ՝ երկու հաստատությունների մարզչական և ղեկավարական անձնակազմների համատեղ աշխատանքների շնորհիվ։
Սարդարապատ ՖԱ-ն ամուր արժեքների և գաղափարախոսության կրող է, որի անունն արդեն իսկ խոսում է իր ինքնության մասին։ Ակումբի «Born in Victory» կամ «Հաղթանակից ծնված» խորհրդանշական կարգախոսի արմատները ձգվում են դեպի 1918 թ-ին Սարդարապատի ճակատամարտում մեր ազգի տարած փառահեղ հաղթանակը: Մենք ծնվել ենք այդ հաղթանակից և կրում ենք այն առանցքային արժեքները (Ինքնաիրացում, Վստահություն, Ժառանգություն, Միասնություն, Համառություն), որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար։